Aeroemploi կանադական հարթակը կազմել է աշխարհում ամենահզոր Ռազմաօդային ուժերն ունեցող երկրների ցանկը:

Առաջին հորիզոնականում է ամերիկյան Օդուժը, որն ունի տարբեր մոդիֆիկացիաներով ավելի քան երեք հազար ինքնաթիռ: Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ն ունի ամենահագեցած եւ տեխնոլոգիապես զարգացած մարտական ավիացիան աշխարհում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ցանկում երկրորդ տեղում են ռուսական Ռազմաօդային ուժերը 1900 ինքնաթիռներով: Նշվում է, որ 30 տարվա ընթացքում Ռուսաստանը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել այդ ոլորտում. կան այնպիսի կործանիչներ, ինչպես Սու-35-ը, Սու-34-ը: Մոսկվան նաեւ մշակում է նոր սերնդի ռազմավարական ռմբակոծիչ հրթիռակիր ՊԱԿ ԴԱ-ն:

Երրորդ հորիզոնականում է չինական ավիացիան, որը ձեւավորվել է 1949 թվականին ԽՍՀՄ լուրջ աջակցությամբ: Ռուսները վերապատրաստել են Ժողովրդական ազատագրական բանակի օդաչուներ: Բացի այդ, նրանք ուժեղացել են Կորեական պատերազմի ժամանակ (1950—1953): 1980-ականներին երկրի Ռազմաօդային ուժերն ունեցել են տարբեր խնդիրներ, որոնք կապված են եղել տեխնոլոգիաների հետ, սակայն այժմ նրանք իրականացրել են խորքային բարեփոխումներ արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ամենանշանակալի ռազմական ավիացիաների ցանկում են նաեւ հնդկական, եգիպտական, պակիստանյան, թուրքական եւ հարավկորեական ռազմաօդային ուժերը: Գերմանիան ավելի քան 400 ինքնաթիռներով զբաղեցրել է վարկանշային աղյուսակի տասներորդ հորիզոնականը: