Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին եւ Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել են առաջիկայում նավթագազային ոլորտում Թեհրանի ու Բաքվի միջեւ համագործակցության մասին նոր փաստաթղթերի վերաբերյալ, հաղորդում է Shana-ն:

Ջավադ Օվջիի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հետ կայացել է կառուցողական հանդիպում եւ ձեռք են բերվել «լավ պայմանավորվածություններ»: Նա նշել է, որ հաշվի առնելով այդ հնարավորությունները՝ Իրանն ու Ադրբեջանը կարող են արդյունավետ համագործակցել միմյանց հետ՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի լավ հնարավորություններ նավթագազային ոլորտում:

Իրանցի նախարարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանից դեպի Թուրքմենստան գազի մատակարարման մասին: «Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Նախիջեւանին գազի մատակարարումների հարցում»:

Օվջին նշել է, որ Կասպից ծովում նավթային եւ գազային հանքավայրերի շահագործումը եւս մեկ առարկա է Ադրբեջանի պատվիրակության հետ բանակցությունների համար: «Այդ հարցի շուրջ առաջին բանակցություններն անցկացվել են, եւ երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները շարունակում են երկխոսությունը»:

Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի հետ կստորագրվեն համաձայնագրեր նավթի, գազի եւ Կասպից տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի շահագործման ոլորտում: