Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հուլիսի 8-ին վավերացրել է  Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ հայցադիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին օրենքը:

Ժամկետը երկարաձգվելու է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Glendale News-Press-ը հիշեցնում է, որ օրինագիծը ներկայացվել էր Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատոյի կողմից:

«Սա իմ եւ իմ աշխատակիցների աշխատանքի գագաթնակետն է: Հաճելի է տեսնել, որ ջանքերս հաջողությամբ են պսակվում»,-հայտարարել է Գատոն:

Ժամկետի երկարաձգումն անհրաժեշտ էր, քանի որ ժառանգները կարող էին Կալիֆորնիայի դատարան հայց ներկայացնել միայն 10 տարվա ընթացքում, նշել է Գատոն: