Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիս 9-ին երեք ֆոտոթղթակիցների` Գեորգի Աբդալաձեի, Իրակլի Գեդենիձեի եւ Զուրաբ Կուրցիկիձեի համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրանք մեղադրվում են լրտեսության մեջ:
«Դատաքննությունը կսկսվի սեպտեմբերի 1-ից, այն դռնփակ է լինելու: Իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը, մյուս երկու ձերբակալվածների դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է Գեորգի Աբդալաձեի փաստաբան Ռեվազ Չինչալաձեն, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կալանավորված ֆոտոթղթակիցներին մեղադրում է ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ համագործակցության մեջ:
ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական EPA գործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն մյուս ձերբակալվածների հետ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել ՌԴ քաղաքացիներին:
«Մասնավորապես` համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց Գեդենիձեն եւ Աբդալաձեն, որոնք հանրային ծառայող են, մասնագիտական պարտականությունները կատարելիս կարողացել են նաեւ գաղտնի տեղեկատվություն պարունակող լուսանկարներ անել եւ փոխանցել Կուրցիկիձեին»,-ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Հաստատվել է, որ Կուրցիկիձեն տեղեկատվությունը փոխանցել է Մոսկվա:
Գեդենիձեի եւ Աբդալաձեի իրերի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են Վրաստանի նախագահի նստավայրի վարչական մասի սխեմաներ, նրա այցերի մասին մանրամասներ եւ գաղտնի տվյալներ պարունակող այլ տեղեկություններ:
Հիշեցնենք, որ 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին: Նատիան ավելի ուշ ազատ էր արձակվել:




























