Այսօր Հայաստանի առջեւ դրված է այս խնդիրը, այսինքն ինչ-որ ստորագրություն, որով պետք է կատարվի սահմանազատում եւ սահմանագծխում, եւ ժողովուրդը տեղյակ չէ՝ ինչ է արվելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 5165 շարժման ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
«Ընդդիմության համար մեկ գործն է պահանջել եւ հասնել նրան, որ այդ փաստաթուղթը հրապարակվի»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարող է անել ընդդիմությունը խորհրդարանում, երբ չունի որոշումների վրա ազդելու հնարավորությունը, Տոնոյանը հակադարձ հարցը տվեց. «Եթե ոչինչ չի կարող անել, ինչո՞ւ է մնացել այնտեղ: Եթե միայն պետք է այսօրվա իշխանությունը որոշումներ կայանցի, այդ դեպքում ինչու ենք ԱԺ-ին այդքան վճարում, ինչու ենք ԱԺ-ին պահում ընդհանրապես: Եթե ընդդիմությունը կարող չէ որեւէ բան անելու, թող դուրս գա, հայտարարի, որ կարող չէ, մենք մտածենք ոնց ենք պայքարում այս իշխանությունների դեմ»:
Տոնոյանի խոսքով ՀՀ նախագահի ակնկալում են, որ ճնշում գործադրի վարչապետի վրա եւ հրապարակվի այդ փաստաթուղթը. «Եթե իրենք գիտեն, մենք չգիտենք: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար ժողովուրդը պահանջում է, որ այդ փաստաթուղթը հրապարակվի»,-ասաց նա:











