Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը քննարկել են առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ եւ հումանիտար բնագավառներում երկարամյա գործընկերության զարգացման հնարավորությունները։
Հայկական պատվիրակությունը Թուրքմենստան մեկնել է տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը միջպետական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Թուրքմենստանի նախագահն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը։
Հայաստանի եւ Թուրքմենստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 20 մլն դոլար, որից 14 միլիոնը բաժին է ընկնում Հայաստան կատարված ներմուծմանը։ Հայաստանից, հիմնականում, արտահանվում է կոնյակ եւ գյուղմթերք, սիգարետ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, սարքավորումներ։ Ներկրվում է տեքստիլ, նավթ, նավթամթերքներ, տրիկոտաժ եւ բամբակ։




























