Հայ հասարակության մեջ կա հասկացողություն, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մեջբերում ենք հարցազրույցից հատված՝ նվիրված հետպատերազմյա Արցախին։
«Բազմաթիվ դավադրության տեսություններ կան այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, միտումնավոր հանձնել են Ղարաբաղը։ Երբ պարզ դարձավ, որ Արցախը կործանվում է, ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ։ Այդ մասին կարելի է իմանալ միայն Երեւանում։
Լրագրողն ուղիղ հարցադրում է արել․ «Հայաստանը հատո՞ւկ է հանձնել Ղարաբաղը, որպեսզի աշխարհքաղաքական վեկտորը փոխի՝ ռուսականից արեւմտյան։
Հարցազրույցը վերածվել է բանավեճի, որից հետո Ալեն Սիմոնյանը վրդովված պատասխանել է․
«Հայ հասարակության մեջ կա հասկացողություն, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը։ Եվ, ընդհանրապես, ինչի՞ց ենթադրեցիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը։ Այդպիսով դուք վիրավորում եք հայ ժողովրդին եւ նրանց, ովքեր արյուն են թափել նրա համար։ Եթե ցանկանային հանձնել Ղարաբաղը, մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ ՌԴ ԱԳՆ առաջարկները»։
«Իսկ ի՞նչ եք դուք արել Արցախը փրկելու համար, երբ մի քանի հազար մարդ պատրաստ էր գալ օգնության, սակայն այդ պահին Հայաստանն ընդունեց «վարձկանության մասին» օրենքը, ինչի մասին զգուշացվեց կամավորներին։ Այսինքն՝ դուք գիտակցաբա՞ր եք փակել մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել Հայաստանի համար»,-հարց է ուղղել լրագրողը։
Ինչին Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք մարդկանց թվի հետ կապված խնդիրներ չունեինք»։
«ԿՊ»-ի թղթակիցը նշում է, որ Ալեն Ռոբերտովիչն այդպես էլ չի բացատրել, թե ինչու նման խայտառակություն եղավ ԼՂ-ի հետ, թե ինչու, օրինակ, խորհրդարանական հետաքննություն չանցկացվեց։ «Սակայն հարցազրույցի ընթացքում 5 անգամ ՀՀ ԱԺ խոսնակը հասցրեց մեղադրել Ռուսաստանին, այսպես, հպանցիկ։ Ես դա նկատեցի»,-հավելում է թղթակիցը։





























