Սուդանի ժողովրդա-ազատագրական շարժման առաջնորդ Սալվա Կիհիր Մայարդիտը հուլիսի 9-ին երդում է ընդունել որպես Հարավային Սուդանի առաջին նախագահ: Ավելի վաղ հարավսուդանյան խորհրդարանականները կատարեցին անկախությանն ուղղված վերջին քայլը` քվեարկելով նոր երկրի Սահմանադրության օգտին, համաձայն որի` նախագահի աթոռը կշարունակի զբաղեցնել Մայարդիտին մինչեւ նրա լիազորությունների ավարտը` 2014 թվականը:
Բացի այդ, անկախության հռչակման պաշտոնական արարողության ժամանակ` հուլիսի 9-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ղեկավար Ժոզեֆ Դեյսը հայտարարեց, որ Կազմակերպությունը մոտ ժամանակներս կքննարկի Հարավային Սուդանի հայտը` ՄԱԿ-ին անդամագրվելու համար:
Հարավային Սուդանը կդառնա ՄԱԿ-ի 193-րդ անդամը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սուդանի իշխանությունները հուլիսի 8-ին պաշտոնապես ճանաչել են Հարավային Սուդանի Հանրապետությունը: Կես տարի առաջ տեղի էր ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 98,83 տոկոսը կողմ էին քվեարկել ինքնորոշմանը, այսինքն` նավթով հարուստ Հարավային Սուդանի ստեղծմանը:
Նշենք, որ հանրաքվեից հետո Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ Հարավային Սուդանի ինքնորոշումը նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար:




























