Մենք չենք ասում, որ այն փաստաթուղթը, որ ուզում եք ստորագրեք, բերեք հանրայնացրեք. Իրենք են ասում, որ կա փաստաթուղթ, որը սեղանին դրված է, դա ի՞նչ փաստաթուղթ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, Հայաստանի ժողովրդական շարժման ղեկավար Վազգեն Պետրոսյանը՝ Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթից առաջ:
«Եթե խոսքը սահմանազատման ու սահմանագծման մասին է, դրա հիմքը ո՞րն է: Ադրբեջանը ընդունում է, որ ինքը շարժվում է 1918 թվականի քարտեզներով: Այդ ժամանակ ոչ Նախիջեւանը, ոչ Արցախը չեն եղել Ադրբեջանի տարածքում: Խոսքը նրա մասին է, որ մեր կառավարության ղեկավարը հայկական գյուղերին տալիս է ադրբեջանական անուններ, եւ նահանջում է մեր զորքը բարձրագույն հրամանատարի հրամանով եւ տալիս ենք զոհեր: Խոսքը նրա մասին է, որ երկրի սահմանները վտանգի են մատնված, որ երկրում տնտեսությունը չի աշխատում: Քաղաքական ղեկավարությունը տեղում չէ: Մենք ուզում ենք ունենալ նորմալ երկիր: Էլի պետք է թուրքը գա գիշերով Գուրգեն Մարգարյանի նման կացնով մեր զինվորին գլխատի Եվրոպայի կենտրոնո՞ւմ: Սա՞ եք ուզում: Այն մարդիկ, որոնք ասում են՝ խուճապի եք մատնում ժողովրդին, եղե՞լ են Սիսիան-Գորիս ճանապարհին, իրենք ինչի՞ց են տեղյակ»,-ասաց նա՝ հավելելով. «Պատգամավորի գործը միայն նստել եւ բարբաջելը չէ, պատգամավորի գործն է գնալ ու ծանոթանալ իր ժողովրդի խնդիրներին»:
Նշենք, որ այսօր Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթ են իրականացնում Երեւանի փողոցներով, նրանք անցան երեւանյան բուհերի մոտով, բարձրախոսով ներկայացներով իրենց օրակարգը, իսկ երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:





























