Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 5000-ական եվրո է հատկացրել 2016 թվականի հուլիսի 15-ի պետական ​​հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալված ավելի քան 400 դատավորների եւ դատախազների։ Այս մասին հաղորդվում է երեքշաբթի ՄԻԵԴ-ի կայքում հրապարակված դատարանի որոշման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ դատարանը «միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը [«Անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք»]՝  դիմողների ապօրինի նախնական կալանքի հետ կապված»։ «Պատասխանող պետությունը [Թուրքիան] պարտավոր է յուրաքանչյուր դիմողին վճարել <...> 5 հազարական եվրո»,- ասվում է փաստաթղթում։

Որոշման մեջ նշվում է, որ դիմումատուները 427 հոգի են, ովքեր այն ժամանակ իշխանության տարբեր մակարդակների դատավորներ եւ դատախազներ են եղել։ Հայցվորները կալանավորվել էին որպես «Ֆեթուլլահիստական ​​կազմակերպության» (FETO) ենթադրյալ անդամներ՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ, ում թուրքական իշխանությունները մեղադրում են պուտչի կազմակերպման մեջ։ ՄԻԵԴ-ը պարզաբանում է, որ դիմումատուները պետական ​​հեղաշրջման փորձից անմիջապես հետո հեռացվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ մի խումբ զինվորականներ եւ սպաներ պետական ​​հեղաշրջման փորձ կատարեցին եւ ձերբակալեցին նախագահ Թայիփ Էրդողանին։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Անկարան FETO-ին մեղադրում է պուտչի կազմակերպման մեջ: Թուրքիայում այս կազմակերպությանն աջակցության վերաբերյալ գործերի մասով հազարավոր մարդիկ են դատապարտվել: