Ասում է՝ այ, որ գրած է անարգել երթեւեկություն, դա նշանակում է սուվերեն միջանցք. ավելի տրամաբանական չէ՞ մտածել, որ եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք. մանավանդ, որ այդ նույն փաստաթղթում միջանցք բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցքի  մասով: Եվ գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ հարցը, ի կատարումն 9-րդ կետի ընդունվել է հունվարի 11-ի հայտարարությունը: Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ: Այդ խումբը արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն ճանապարհը, որով անցնում են, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով:

Աշխատանքային մակարդակով մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել: Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ միջանցք չկա: Հաջորդը, ինչո՞ւ մեզ համար պետք է ընդունելի լինի այն, ինչը չկա: Ինչո՞ւ մենք դա պետք է ընդհանրապես քննարկենք: Այստեղ է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է. անունը դրել են Զանգեզուրի միջանցք, եւ ասում են՝ եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք: Մենք այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության առջեւ, եւ պետք է սա ի ցույց դնենք որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»,-հայտարարեց վարչապետը: