Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն: Նման հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանի հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է եւ հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման եւս մեկ օրինակ»:
Նշենք, որ Սուդանի ժողովրդա-ազատագրական շարժման առաջնորդ Սալվա Կիհիր Մայարդիտը հուլիսի 9-ին երդում է ընդունել որպես Հարավային Սուդանի առաջին նախագահ: Ավելի վաղ հարավ-սուդանյան խորհրդարանականները կատարեցին անկախությանն ուղղված վերջին քայլը` քվեարկելով նոր երկրի Սահմանադրության օգտին, համաձայն որի` նախագահի աթոռը կշարունակի զբաղեցնել Մայարդիտին մինչեւ նրա լիազորությունների ավարտը` 2014 թվականը:
Բացի այդ, անկախության հռչակման պաշտոնական արարողության ժամանակ` հուլիսի 9-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ղեկավար Ժոզեֆ Դեյսը հայտարարեց, որ Կազմակերպությունը մոտ ժամանակներս կքննարկի Հարավային Սուդանի հայտը` ՄԱԿ-ին անդամագրվելու համար:
Հարավային Սուդանը կդառնա ՄԱԿ-ի 193-րդ անդամը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Սուդանի իշխանությունները հուլիսի 8-ին պաշտոնապես ճանաչել էին Հարավային Սուդանի Հանրապետությունը` 1956թ. հունվարի 1-ի սահմաններով:
Կես տարի առաջ անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների 98,83 տոկոսը հանդես էր եկել ինքնորոշման օգտին:
Նշենք, որ հանրաքվեից հետո Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ Հարավային Սուդանի ինքնորոշման գործընթացը Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ է:
Հարավային Սուդանի օրինակը ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորշման իրավունքի սկզբունքի երթը, 2011թ. հունվարի 31-ին հայտարարել էր կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:




























