UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը դարձել է հունիսին Մոսկվայում կայացած MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմից կազմակերպվող այս համաժողովը կարեւոր իրադարձություն է դրամական փոխանցումների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների եւ օպերատորների համար: Մոսկովյան համաժողովում ներկա էին ավելի քան 40 ֆինանսական ինստիտուտների, պետական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հունիսին կազմել է ավելի քան 277,4 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28,7 տոկոսով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 12,6 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 361,6 հազար:
UNISTREAM փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում նաեւ` մատչելի սակագնով` սկսած 0.35 % եւ անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղում: UNISTREAM համակարգի սպասարկման կետերի քանակը կազմում է 200 հազար, երկրների թիվը` 100:
2011թ.-ին UNISTREAM համակարգի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից:
Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով, UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաեւ դրամական փոխանցումներ ստացողներին: «Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Հաճախորդը տալիս է քարտը սպասարկողին եւ փոխանցումը կատարված է: Մենք ցանկանում ենք գործընթացը հարմարավետ դարձնել ոչ միայն գումար ուղարկողի, այլեւ այն ստացողի համար: Այսուհետ դրամական փոխանցում ստացողը եւս կարող է առանց ժամանակ կորցնելու ներկայացնել քարտը եւ ստանալ իր գումարը»,- ասում է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը: Նա նշեց նաեւ, որ քարտերը բավականին պահանջված են հաճախորդների կողմից: Արդեն 700 հազար հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: Քարտով իրականացված փոխանցումների մասնաբաժինը համակարգի փոխանցումների ընդհանուր ծավալում կազմում է 65 տոկոս: Հայաստանյան փոխանցումների 83 տոկոսն իրականացվում է քարտով: Հաճախորդներին քարտերը տրամադրվում են անվճար:




























