Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ նախագահական գրասենյակի մամլո ծառայության ֆոտոթղթակցի սպասվող ձերբակալության մասին իմացել է դրանից կես ժամ առաջ:

«Ես իմացա, որ նրան ձերբակալելու են դրանից բառացիորեն կես ժամ առաջ: Մինչ այդ գործն արդեն պատրաստվել էր: Այսինքն, նախ` գործը կարող են առանց ինձ պատրաստել, եւ դա ճիշտ է»,-ասել է Սահակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Երկրորդը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է: Նախագահ, ոչ նախագահ, ազգական, անձնական ֆոտոթղթակից` բոլորը հավասար են: Սա շատ ուժեղ համակարգ է: Ինչ վերաբերում է անձնական ֆոտոթղթակցին, ապա ես մինչեւ հիմա շատ վշտացած եմ: Սակայն իմ անձնական զգացմունքներն այստեղ երկրորդ պլանում են: Ես, իհարկե, ունեմ անձնական հարաբերություններ, սակայն այս երկրում business as usual է, եւ այդպես պետք է լինի»,-ասել է Սահակաշվիլին:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», հուլիսի 9-ին 10 հազար լարի (մոտ 6 հազ. դոլար) գրավի դիմաց ազատ է արձակվել  ֆոտոթղթակից Նատիա Գեդենիձեն:

Հիշեցնենք, որ 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին:

Գեորգի Աբդալաձեի, Իրակլի Գեդենիձեի եւ Զուրաբ Կուրցիկիձեի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանք մեղադրվում են  Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: