Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համաժողով, որի ընթացքում լեհ գործարարներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ գործարար միջավայրը: Համաժողովին ակտիվորեն մասնակցել են նաեւ Լեհաստանում գործունեություն ծավալող հայ գործարարները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 7-8-ին Վարշավայում (Լեհաստան) տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը (հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2010թ. հուլիսի 13-ին` Երեւանում):

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության եւ մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները եւ հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:

Հատկանշական է, որ Հանձնաժողովի նիստը կայացել է Լեհաստանի կողմից ԵՄ նախագահությունը ստանձնելուց (2011թ. հուլիսի 1-ը) անմիջապես հետո:

Նիստի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերին, մասնավորապես` Արեւելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման առումով:

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստի ավարտին ստորագրվել է Արձանագրություն:

Նիստի ընթացքում նաեւ նախաստորագրվել է «Հայաստանի կառավարության եւ Լեհաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» համաձայնագիրը: