Ադրբեջանն իր «սեւ ցուցակում» է ներառել բրիտանական բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է ականազերծմամբ: Պատճառն այն է, որ այդ կազմակերպությունն աշխատել է Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Pakistan Daily Times-ը:

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության ղեկավարն ասել է, որ բարեգործական Halo Trust կազմակերպությունը, որն արդեն 10 տարի ականազերծման աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղում, արգելված է Ադրբեջանում:

«Մենք ասացինք, որ այդ կազմակերպությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը օկուպացված տարածքներում եւ ներողություն խնդրի Բաքվից, սակայն նրանք դա չարեցին»,- ասել է ադրբեջանական պետական գործակալության ղեկավար Նազիմ Իսմայիլովը:

Նա նաեւ հայտնել է, որ այդ բարեգործական կազմակերպության ինչ-ինչ սարքավորումներ, որոնք Ադրբեջանի տարածքով պետք է հասնեին Աֆղանստան, ժամանակավորապես առգրավվել են:

Նշենք, որ Halo Trust կազմակերպությունն իր կայքում նշել է, որ 2000 թվականից ի վեր իրենք Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացնում, որի արդյունքում հայտնաբերել եւ վնասազերծել են 50 հազար հակահետեւակային ական, կասետային ռազմամթերք եւ այլ չպայթած զինամթերք:

Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն մեծացնում է իր «սեւ ցուցակը», որում հայտնվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ, ովքեր «համարձակվել են» լինել Ղարաբաղում, առանց իրենց թույլտվության: