Թողարկվել է բրիտանական News of the World տաբլոիդի վերջին համարը, որը փակվում է սկանդալային գաղտնալսումների պատճառով:

Առաջին էջում թերթը հուզիչ կերպով հրաժեշտ է տալիս ընթերցողին` «Շնորհակալություն եւ ցտեսություն» արտահայտությամբ, որը ձեւավորվել է տարբեր տարիների հայտնի հրապարակումներից պատրաստված կոլաժներով:

Ենթավերնագրում գրված է. «168 տարի անց մենք հպարտությամբ եւ տխրությամբ հրաժեշտ ենք տալիս 7,5 միլիոն հավատարիմ ընթերցողին»:

Խմբագրականում էլ ասվում է, որ թեեւ իր գոյության տարիներին News of the World-ը դարձել է Մեծ Բրիտանիայի կյանքի անբաժանելի մասը, սակայն վերջին  5 տարիներին  որոշ աշխատակիցներ գործել են ոչ այն ստանդարտներով, որոնք տրվել են հրատարակչության կողմից: « Մենք շեղվել ենք ճանապարհից: Հեռախոսները գաղտնալսվել են, եւ հրատարակչությունը ցավում է դրա համար: Նման քայլն արդարացում չունի:  Սակայն մենք հուսով ենք, որ պատմությունը  մեզ կդատի»,-ասվում է հոդվածում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  երբ News of the World-ի աշխատակիցների կողմից ապօրինի գաղտնալսումների մասին սկանդալն արդեն սպառնում էր քրեական գործ դառնալ, News Corp-ի գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը` մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին, հայտարարեց 1843թ-ից լույս տեսնող թերթի փակման մասին: