Հայաստանում անհրաժեշտ է ազգային միասնության հանձնաժողով ստեղծել, եթե ընդդիմությանը հաջողվի հասնել գործող իշխանության հրաժարականին։ Այս մասին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով` փողոցային պայքարը, անշուշտ, այժմ պահանջված է, բայց առանց միասնության գործոնի այն չի կարող հաջողության բերել։
«Պատկերացրեք՝ հասանք մեր նպատակին, եւ վարչապետը հրաժարական տվեց։ Ինչպե՞ս կձեւավորվի օրինական կառավարությունը, ո՞ւմ կառաջադրի խորհրդարանը որպես նոր վարչապետ: Ժողովուրդը պետք է տեսնի, թե ում է փոխանցում իշխանությունը»,- ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը համոզված է, որ այժմ անհրաժեշտ է համապատասխան հանձնաժողով ստեղծել՝ դրանում ներգրավելով թե՛ սփյուռքի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։
«Անհրաժեշտ է ներգրավել նաեւ Հայաստանի հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներին, որոնք եւ կձեւավորեն կառավարությունը»,- ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահը։





























