Միջանցքը նշանակում է, որ երկրի տարածքով ինչ-որ հատված տրամադրվում է, այն այլևս ձեր սեփականությունը չէ, և դուք չեք ճակատագրի որոշողը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, փորձագետ Հենրիկ Քոչինյանը:

«Միջանցքը ճանապարհ չէ։ Իսկ ճանապարհը ճանապարհ է, ինչպես քաղաքակիրթ աշխարհում երկրների միջև եղած փոխադարձ համաձայնություններով, պայմանագրերով երթևեկում են նաև այլ երկրների ուղևորներ և ենթարկվում ընդունված կարգ ու կանոնին, իսկ ճանապարհը բոլորովին այլ հասկացություն է»,- նշեց նա։

Քոչինայնի խոսքով՝ Անգեղակոթ գյուղում կա խաչմերուկ, և նախկինում եղել է միջպետական ճանապարհ, որը Սիսիանի լեռնանցքով գնում էր դեպի Նախիջևան։

«Եթե այդ ճանապարհով ադրբեջանցի փոխադրողն ինչ-որ համաձայնությամբ պետք է աշխատի, թող գա աշխատի։ Ենթադրենք մի տեղից մտնում է Հայաստան, անցնում է մաքսային ձևակերպումներ և Հայաստանի ճանապարհով հասնում է այդ խաչմերուկին, շարունակում է հետո պարտադիր Սիսիանի լեռնանցքում կամ Բիչենեկում պետք է մաքսակետ լինի։ Այսպիսի երթևեկության հետ մենք որևէ խնդիր չունենք՝ ինչպես միջանցիկ ճանապարհ տրամադրող ցանկացած երկիր, բայց միջանցքի դեպքում արդեն դուք չեք որոշողը՝ ով ինչպես անցնի։ Իսկ ճանարհներով ապաշրջափակումը պետք է մեզ։ Ցանկացած խելամիտ մարդ պետք է մտածի շրջափակումից դուրս գալու մասին, սակայն մեր ինքնուրույնությունը, մեր օրենքները, մոտեցումները պահելով նստենք սեղանի շուրջ, միջպետական համապատասխան փաստաթղթեր ստորագրենք և աշխատաենք։ Պետք է գնալ այդ ճանապարհով, բայց մեր իրավունքները պաշտպանելով»,- ասաց Հենրիկ Քոչինյանը։