Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների համար հայտարարված մրցույթն ու հայտարարել իր թեկնածուներին, որոնց ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանին` հաստատելու համար:
Պաշտպանի ընտրությունը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս, ընտրված թեկնածուները ծանոթ չեն լայն հասարակությանը, մինչդեռ առաջադրված թեկնածուները, որոնք չեն անցել, բավական լուրջ փորձառություն ունեին: Մասնավորապես չանցած թեկնածուների ցանկում են ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, փաստաբան Վարդան Զուռնաչյանը եւ այլք:
Իսկ ընտրությունը հաղթահարած թեկնածուները, ըստ պաշտպանի գրասենյակի, երեքն են` Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան: 35-ամյա Արտակ Մելիքսեթյանը էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետն է:
Աիդա Մուրադյանը 23 տարեկան է, 2007-2009 թվականներին աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 25-ամյա Ռոզա Ստեփանյանը` 2009 թվականից մինչ օրս է աշխատում նույն ընկերությունում որպես իրավաբան: «Դիֆենս» ընկերության տնօրենը, հիշեցնենք, 2008-2011 թվականներին եղել է մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը:
Ի դեպ, երեք թեկնածուներից միայն Ռոզա Ստեփանյանը որոշակի փորձ ունի ընտրությունների անցկացման ոլորտում` 2007թ. մայիսին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական եւ 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ գործարքային հիմունքներով աշխատել է որպես ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների թարգմանիչ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նաեւ հաղորդագրություն է տարածել, թե նշված ժամանակահատվածում մրցութային հանձնաժողովը ստացել է 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցել են երկրորդ փուլ եւ հրավիրվել են հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:
«18 թեկնածուներից 2-ը հարցազրույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել են: 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու:
Ընտրության սահմանափակ հնարավորությունների պայմաններում, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ նախագահին ներկայացնելու համար որպես ԿԸՀ անդամ ընտրեց Արտակ Մելիքսեթյանին, Աիդա Մուրադյանին եւ Ռոզա Ստեփանյանին, ովքեր իրենց տվյալներով համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ պաշտպանի կողմից սահմանված ընտրության կարգի բոլոր պահանջներին:
Չընտրված թեկնածուների եւ մրցույթի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվելու՝ հարգելով ընտրության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը: Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած մրցույթին մասնակցել են 22 անձ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընտրական օրենսրգքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեքական անդամի նշանակում է օմբուդսմենը, 2-ին` Փաստաբանների պալատը, եւս 2-ին` Վճռաբեկ դատարանը: Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14 –ին:




























