«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է գտնվում հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, որը հայ հանդիսատեսին է ներկայացնելու իր ռեժիսորական դեբյուտը`2009թ. նկարահանված «Մոխիր եւ արյուն» ֆիլմը:

Այսօր, հուլիսի 10-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդանը պատմեց, որ ֆիլմը արցատոլանքն է իր գրական եւ գեղագիտական նախասիրությունների: Այնտեղ պահպանված են հին հունական ողբերգության սկզբունքները, սակայն իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում:

Թերեւս, նորովի ինքնաարտահատվելու ցանկությունն էր, որ մղել է դերասանուհուն դեպի ռեժիսուրա: Սակայն իր սիրելի մասնագիտությունն է շարունակում մնալ դերասանությունը: Դերասանի եւ ռեժիսորի հոգեվիճակները շատ տարբեր են միմյանցից: Երբ նկարահանման հրապարակ է գալիս դերասանուհին, նա հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում, նրան խնամում ու գուրգուրում են, ինչպես նորածին մանուկի: Այլ բան է ռեժիսորը, որը պարտավոր է ուժեղ լինել եւ վերահսկել բոլորին: Նկարահանման հրապարակում նա հայտնվում է մենության մեջ: Ռեժիսորը միայնակ է եւ հակադրված բոլորին:

Ֆանի Արդանի կերպարը խորհրդանշական է համաշխարհային կինոյում. լինելով ֆրանսիական կինոյի ամենավառ դեմքերից մեկը եւ խաղալով հաճախ բարդ հոգեբանական դրամաներում, նա նկարահանվել է նաեւ հոլիվուդյան կինոյում, ապացուցելով, որ իր դերասանական կարողությունները չեն սահմանափակվում մեկ ուղղությամբ կամ մեկ ոճով: Նա աշխատել է բազմաթիվ հանրահայտ ռեժիսորների հետ, պահպանելով սակայն իր անհատականությունը, որը լիարժեք բացահայտվեց նրա նկարահանած լիամետրաժ «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ «Բացակա քիմեռներ» կինոնկարներում:

Արդանը Երեւանում նաեւ հայտարարել է, որ իր հայկական արմատների հարցը զուտ ընտանեկան է: Նա մեծ ցանկություն ունի ճանաչել հայերին, որոնք շատ են տառապել, սակայն հասկանում է, որ երկու օրում անել դա չի հաջողվի: