Աբադանում պայթյունի հետեւանքների վերացման հարցերով կառավարական հանձնաժողովի հաշվետվությունում տվյալներ են ներկայացվում 13 քաղաքացիական անձանց եւ 2 զինվորականների մահվան մասին: Ըստ «Turkmenistan.ru»-ի` հաշվետվությունը հունիսի 10 -ին  ներկայացվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ բռնկումը տեղի է ունեցել շոգ եղանակի պատճառով, ինչը հանգեցրել է նշանակալի հեռավորության վրա հրատեխնիկական միջոցների դետոնացիային եւ ցրիվ գալուն:  Հաշվետվությունում ասվում է, որ ցրիվ եկած կտորներն էլ հայտնվել են «բանակային պահեստում, որտեղ պահվում էին դեռ ԽՍՀՄ-ից մնացած  ուտիլիզացիայի ենթակա պայթուցիկ միջոցներ»:

Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Թուրքմենստանի նախագահը նկատողություն է արել պաշտպանության նախարարին եւ իջեցրել զինվորական կոչումը: Կատարվածին մասնակցություն ունեցած մյուս բոլոր անձանց նա կարգադրել է պատասխանատվության ենթարկել` ընդհուպ մինչեւ ռազմական տրիբունալի հանձնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, թե բռնկվել է հրավառությունների համար նախատեսված հրատեխնիկայի պահեստը, եւ զոհեր չկան: Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել էին  ռազմական պահեստի պայթյունի մասին: Իշխանություններն այդ տեղեկությունները հերքել էին` ԶԼՄ-ներին մեղադրելով սադրանքի մեջ: