Այսօր, հուլիսի 10-ին Երեւանում կայացավ տարվա ամենակարեւոր մշակութային իրադարձության` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը: Արդեն ժամը 19.00-ից երեւանցիներն ու հյուրերը հավաքվել էին Ազնավուրի անվան հրապարակում` իրենց սիրելի դերասաններին եւ ռեժիսորներին դիմավորելու համար: Իսկ նախքան հյուրերի հայտնվելը հավաքվածների համար ջազ էր հնչում:
Այս տարի փառատոնի հյուրերից է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը` իր նկարահանած «Մոխիր և արյուն» ֆիլմով: Հռչակավոր մյուս հյուրը իրանցի ռեժիսոր Աբաս Քյարոստամին է:
Բացման արարողությունը վարում էր ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը: Նա սկզբում ներկայացրեց փառատոնի հակիրճ պատմությունը, ապա նշեց, որ «Ոսկե ծիրանը» արդեն կայացել է, եւ պատահական չէ, որ այս տարի փառատոնի շրջանակում ավելացել է նոր անվանակարգ` «Կորիզը»:
Ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Արդեն անհնար է պատկերացնել երեւանյան շոգ ամառն առանց այս փառատոնի, - ասաց նա: - Իհարկե, ութ տարին բավական չէ աշխարհի նշանավոր փառատոնների կողքին կանգելու համար, սակայն համոզված եմ, որ կազմակերպիչները ամուր հիմք են դրել, եւ ես հավատում եմ փառատոնի ապագային »:
Այնուհետեւ ելույթ ունեցավ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը` խոստանալով, որ հաջորդ «Ծիրանի» բացման արարողությունը կանցկացվի 1500 մարդու համար նախատեսված դահլիճում: Կինոփառատոնը բացված հայտարարեցին Հարություն Խաչատրյանն ու գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արարողության վերջում Փարաջանովի անվան մրցանակը շնորհվեց Ֆանի Արդանին ` կինոարվեստում ունեցած նվաճումների համար, իսկ մրցանակը հանձնեց մեր ժամանակների ականավոր ռեժիսորներից մեկը` Աբաս Քյարոստամին, որի «Վավերացված պատճեններ» ֆիլմը ցուցադրվեց բացման արարողության ավարտին:




























