Իսրայելի վարչապետը Վիեննայում բանակցությունների մեկնարկի օրը համաշխարհային տերություններին կոչ է արել «չենթարկվել Իրանի միջուկային շանտաժին»։

Իրանի հետ բանակցող երկրների ներկայացուցիչներին ուղարկված տեսաուղերձում Նաֆթալի Բենեթն ասել է, որ Թեհրանը ձգտում է «չեղարկել պատժամիջոցները գրեթե ոչնչի դիմաց» եւ պահպանել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացումից հետո հարյուր միլիարդավոր դոլարներ ստանալով, հաղորդում է Associated Press-ը:

Նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսման նպատակով Իրանի եւ համաշխարհային տերությունների բանակցողների հանդիպումը:

Իսրայելը բացահայտորեն դեմ է արտահայտվել համաձայնագրին, եւ այժմ իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ Թեհրանն ավելի քան երբեւէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն այս շաբաթ կայցելի Լոնդոն եւ Փարիզ՝ բրիտանացի եւ ֆրանսիացի պաշտոնյաների հետ Իրանի հարցը քննարկելու համար: Նույն նպատակով այս շաբաթ Վաշինգտոն կայցելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։