Թբիլիսիում երեկ` հուլիսի 10-ի ուշ երեկոյան, Քեթեւան Ցամեբուլիի պողոտայում մի քանի մարդ ծեծի են ենթարկել երեք հայերի: Ինչպես «Էքսպրեսնյուսին» հայտնել են միջադեպի ականատեսները, դեպքը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:

Ըստ ականատեսների, երբ Սուրբ Երրորդության տաճարից սկսել են ցրվել երեկվա երթի մասնակիցները, մեկ տասնյակ երիտասարդներ պողոտայում մոտեցել են երիտասարդների այլ խմբի: Նրանք ագրեսիվ են տրամադրված եղել հայերի նկատմամբ:

Ականատեսները չեն լսել լեզվակռվի մանրամասները, բայց վստահ են, որ վեճը եղել է կրոնական հողի վրա:

«Հանկարծ երիտասարդները հարձակվեցին երեք տղաների վրա, ովքեր հայեր էին: Սկսեցին ծեծել նրանց, ոտքերով հարվածել, նաեւ բղավել. «Դուք եք մեղավոր»: Ծեծը տեւել է մոտ 5 րոպե, ապա հարձակվողները փախուստի են դիմել: Նրանցից մեկը բղավել է. «Եկեք փախչենք, քանի դեռ պարեկները չեն եկել»,- ասել են ականատեսները:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում երթ է տեղի ունեցել դեպի Սուրբ Երրորդության տաճար, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաց պատրիարքին, ով դեմ է Վրաստանում եկեղեցական միավորումներին իրավական կարգավիճակ տալուն: