ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ հուլիսի 11-ին ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից:
Հաղորդագրության մեջ նշվում է.
«ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են կից գրության մեջ, որը հրապարակվում է առանց մեկնաբանությունների:
Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից եւ ոչ մեկին, հետեւաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին եւ հանրությանը կներկայացվեն մինչեւ հուլիսի 12-ը:
Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ եւ տեղեկություններ` մինչեւ նոր անունների առաջադրումը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ամփոփել է ԿԸՀ անդամի երեք տեղի համար հայտարարված մրցույթն ու հայտարարել իր թեկնածուներին, որոնց ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանին` հաստատելու համար: Թեկնածուներ են ընտրվել Արտակ Մելիքսեթյանը, Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը: 35-ամյա Արտակ Մելիքսեթյանը էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետն է: Աիդա Մուրադյանը 23 տարեկան է, 2007-2009 թվականներին աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 25-ամյա Ռոզա Ստեփանյանը` 2009 թվականից մինչ օրս է աշխատում նույն ընկերությունում որպես իրավաբան: «Դիֆենս» ընկերության տնօրենը, հիշեցնենք, 2008-2011 թվականներին եղել է մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը:
Ընտրական օրենսրգքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեք անդամ նշանակվում է օմբուդսմենի առաջարկությամբ, 2-ին նշանակում է Փաստաբանների պալատը, եւս 2-ին` Վճռաբեկ դատարանը: Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14 –ին:



























