Թբիլիսիի հայ համայնքը հերքել է նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությունը:
Համայնքը չի բացառել, որ դա կարող է լինել վրացական լրատվամիջոցների սադրանքը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով վրացական «Էքսպրեսնյուս» կայքը, հայտնել էր, որ հուլիսի 10-ի ուշ երեկոյան, Քեթեւան Ցամեբուլիի պողոտայում մի քանի մարդ ծեծի են ենթարկել երեք հայերի: Ինչպես հայտնել էին միջադեպի ականատեսները, դեպքը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:
Ականատեսները չեն լսել լեզվակռվի մանրամասները, բայց վստահ են, որ վեճը եղել է կրոնական հողի վրա:
«Հանկարծ երիտասարդները հարձակվեցին երեք տղաների վրա, ովքեր հայեր էին: Սկսեցին ծեծել նրանց, ոտքերով հարվածել, նաեւ բղավել. «Դուք եք մեղավոր»: Ծեծը տեւել է մոտ 5 րոպե, ապա հարձակվողները փախուստի են դիմել: Նրանցից մեկը բղավել է. «Եկեք փախչենք, քանի դեռ պարեկները չեն եկել»,- ասել են ականատեսները:
Տեղեկատվությունը պարզելու համար «Էքսպերսնյուսը» դիմել էր նաեւ Իսանի-Սամգորի շրջանի ոստիկանատուն, սակայն այնտե հայտնել էին, որ ծեծի փաստով հայտարարություն չեն ստացել:
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում երթ է տեղի ունեցել դեպի Սուրբ Երրորդության տաճար, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաց պատրիարքին, ով դեմ է Վրաստանում եկեղեցական միավորումներին իրավական կարգավիճակ տալուն:




























