Երեւանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձեւավորել փողերի լվացման եւ  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր  պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ)  համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջեւ  տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների եւ անվտանգ ցանցի  գործարկումն ու զարգացումն է: 

Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ: 

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի մեկ հանդիպում: 

2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանում:

Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների եւեւ մի շարք միջազգային կառույցների (Արժույթի  միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ եւ այլն) շուրջ 290 ներկայացուցիչներ: