Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երդման հետ կապված ճգնաժամը հաղթահարվել է։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական»-ի անունից համաձայնության մասին լուրը հայտնել է Աքիֆ Համզաչեբին, որից հետո ընդդիմադիր պատգամավորները մեկնել են խորհրդարան՝ երդում տալու համար։

Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենց գոհունակությունն են հայտնել այս փաստի կապակցությամբ։ Վարչապետ Էրդողանը նշել է, թե քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների տեղն էլ է խորհրդարանը։

Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները, իսկ «Ժողովրդա-հանրապետական»-ը հրաժարվել էր երդվել։ Քրդական կուսակցությունը բոյկոտի որոշումը կայացրել է, այն բանից հետո, երբ Ընտրական բարձրագույն խորհուրդը պատգամավոր չի գրանցել Դիարբեքիրից ընտրված Հաթիփ Դիջլեյին։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն էլ հրաժարվել էր երդման արարողությունից, քանի որ դատարանը մերժել է ազատ արձակել պատգամավոր ընտրված Մեհմեդ Հաբերալին եւ Մուսթաֆա Բալբային, ովքեր որպես մեղադրյալ են անցնում սկանդալային «Էրգենեկոն»-ի գործով։