Վրաստանի հայերի միության վարչությունն արձագանքել է տեղեկությանը, ըստ որի Թբիլիսիում մոտ 10 դեռահասներ ծեծի են ենթարկել իրենց 3 հայ հասակակիցների:

Վրաստանի հայերի միության վարչության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերս սոցիալական ցանցերով եւ մի շարք հայկական ու վրացական լրատվամիջոցներով տարածվել են լուրեր, իբր թե Թբիլիսիում տեղի է ունեցել միջադեպ, երբ մոտ տասը դեռահասներ ծեծի են ենթարկել իրենց երեք հայ հասակակիցների: Նշվում է, որ դա կատարվել է հուլիսի 10-ին Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալների կողմից` վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդի օրհնությամբ անցկացված բողոքի ցույցից հետո: Այդ ցույցը կազմակերպված էր դատապարտելու հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Վրաստանում գոյություն ունեցող կրոնական համայնքներին ստանալ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ:

Այդ կապակցությամբ Վրաստանի հայերի միությունը հարցումներ է կատարել Վրաստանի իրավապահ մարմիններին, որոնք միանշանակ հերքում են նման դեպքի եղելությունը: Բացի դա, ճշտումներ են կատարվել հայ համայնքի շրջանում, ինչպես նաեւ այն բնակավայրում բնակվող հայազգի քաղաքացիների մոտ, որտեղ իբրեւ թե տեղի է ունեցել այդ միջադեպը: Այս ճշտումները եւս հաստատում են, որ նման փաստ տեղի չի ունեցել:

Հաշվի առնելով նշվածը, գտնում ենք, որ նման լուրերի տարածումը պարզունակ սադրանք է, որն ուղղված է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ պառակտում մտցնելուն: Մենք դատապարտում ենք այդ նկրտումները եւ հայտարարում, որ նման փորձերը դատապարտված են ձախողման, քանզի պատմությունն է վկա հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության անքակտելիության եւ հավերժության»: