Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամության 5 թեկնածուների անուններն արդեն հայտնի են:
Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած երկու թեկնածուներն են ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը եւ Լաուրա Գալստյանը: Վերջինս, նշենք, չէր հաղթահարել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած ԿԸՀ անդամության թեկնածուների մրցույթում: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ անդամի պաշտոնում առաջարկել է փաստաբան Գեորգի Մարտիրոսյանին եւ Սիլվա Մարկոսյանին, ով եղել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ:
Նշենք, որ ԿԸՀ մյուս 3 անդամները, որոնք ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, Արտակ Մելիքսեթյանը, Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանն էին: Ըստ թեկնածուների ինքնակենսագրականների` Արտակ Մելիքսեթյանը Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետն է, Աիդա Մուրադյանն եղել է «Դիֆենս» իրավաբանական ընկերության աշխատակից, իսկ Ռոզա Ստեփանյանը ներկայումս աշխատում է նշված ընկերությունում: Այն մի քանի տարի ղեկավարել է ներկայիս ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրանցից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը, սակայն, այսօր` հուլիսի 11-ին ինքնաբացարկ են հայտնել` ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով նախատեսված վերջնաժամկետից 4 ժամ առաջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հուլիսի 11-ին հրապարակել է Ռոզա Ստեփանյանի եւ Աիդա Մուրադյանի` ՄԻՊ-ին ուղղված նամակը, որում նրանք խնդրում են իրենց չներկայացնել Հայաստանի նախագահի հաստատմանը ԿԸՀ անդամության համար: «Արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միեւնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ պիտակավորեցին «ապագա ընտրակեղծարարներ»,-մասնավորապես ասված է նամակում: «Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ եւ տեղեկություններ` մինչեւ նոր անունների առաջադրումը»,- տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ձեւավորման կարգին, ապա, ըստ օրենքի, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող ՀՀ այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները, իսկ կուսակցությունների դաշինքները` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, եւ երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր 5-ից:



























