Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը երկրի կրոնական միավորումներին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վիճելի հարցի վերաբերյալ  փոխզիջումային որոշում է ընդունել։ Այս մասին Սինոդի նիստի արդյունքներով հուլիսի 11-ին հայտարարել է տեր Հովհանը, հայտնում է newsgeorgia.ru-ն։

Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ արագացված կարգով հաստատել էր Քաղաքացիական օրենսգրքում երկրի կրոնական միավորումներին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ փոփոխությունները։

«Սինոդի նիստում օրենքի առնչությամբ ճշգրտումներ են արվել եւ որոշում է ընդունվել, որն ընդունելի է երկու կողմերի համար»,- հայտարարել է տեր Հովհանը՝ զերծ մնալով մանրամասներից։

Նրա խոսքով, Վրաստանի պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն կանի երեկոյան։

Նշենք, որ օրենքի առնչությամբ դժգոհություն էր հայտնել Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը։

Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանը հուլիսի 5-ին արագացված կարգով փոփոխություններ էր կատարել Քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ էր տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Այս որոշմանը դեմ էր արտահայտվել Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը: Ի պաշտպանություն նրա դիրքորոշման` հուլիսի 10-ին Թբիլիսիում երթ էր կազմակերպվել: