Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը այսօր` հուլիսի 11-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Ուկրաինա:
ԱԺ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:
Մինչեւ պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը եւ պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետեւ տեղի է ունեցել երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Ես առաջարկում եմ շարժվել առաջ եւ բարեկամության խմբերի հիման վրա ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով: Կարծում եմ`այս դեպքում մեր երկրների խորհրդարանները կարող են ավելի արդյունավետ նպաստել մեր երկրների ավելի սերտ միջպետական համագործակցությանը բոլոր ուղղություններով»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը դրական գնահատելով քաղաքական երկխոսության մակարդակը երկու երկրների միջեւ` նշել է, որ բոլոր պայմանները կան սերտացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների զարգացման առումով նա բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն Ուկրաինա:
Հ. Աբրահամյանը հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ ստորագրված ավելի քան 70 միջպետական պայմանագրերը եւ միջկառավարական համաձայնագրերը ամուր հիմք են բազմակողմանի համագործակցության համար:
ԱԺ նախագահը նշել է, որ Ուկրաինան Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է ԱՊՀ - ում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները 2005 – 2010թթ. ավելացել են յոթանասուն միլիոն դոլարով:



























