Վրացական ուղղափառ եկեղեցին ցանկության դեպքում, Հայաստանում  հնարավորություն ունի գրանցվել որպես եկեղեցի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Միխայիլ Մաճավարիանին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ նրա, հայկական եկեղեցին պատրաստ է Հայաստանում վրացական եկեղեցուն տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին նա կունենա Վրաստանում:

«Իմ տեղեկատվությամբ, երբ Գարեգին Երկրորդը եւ իր պատվիրակությունը վերադարձել են Հայաստան, նրանք հրավիրել են Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչներին եւ հաստատել են, որ կարող են այդ հարցի շուրջ աշխատել»,-գործակալությանը հայտնել է փոխնախագահը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ է տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Այս որոշմանը դեմ է Վրաց պատրիարք Իլյա Բ-ն: Հուլիսի 10-ին ի պաշտպանություն Իլյա Բ-ի դիրքորոշման, Թբիլիսիում երթ է կազմակերպվել: