Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ուկրաինացի գործընկերոջը` Նիկոլայ Ազարովին հրավիրել է Հայաստան: Նա իր հրավերը փոխանցել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպմանը վարչապետ Սարգսյանն ընդգծել է առկա ողջ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, սննդարդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության եւ զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման, ինչպես նաեւ միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարները: Հայ եւ ուկրաինացի գործարարների միջեւ շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների անցկացման կարեւորությունը։

Զրուցակիցները կարեւորել են հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկու երկրներում ընթացող բարեփոխումներին: Նշվել է, որ տնտեսական հարաբերություններին նոր լիցք կարող են հաղորդել թե միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, թե բարձր մակարդակի փոխայցելությունները: