Գիտնականները հինավուրց լեռներ եւ գետի հուներ են գտել Ատլանտյան օվկիանոսի հատակին, դեռ 56 միլիոն տարի առաջ ներկայիս Շետլանդյան կղզիներից դեպի արեւմուտք ցամաք է եղել: Այժմ հետազոտելով օվկիանոսի հատակը նավթի արդյունահանման աշխատանքների շրջանակներում, գիտնականները վերականգնել են նախապատմական լանդշաֆտը, հաղորդում է newsru.com-ը` վկայակոչելով Live Science-ը:
«Դա հստակ նման է ափամերձ հատվածի: Դա հինավուրց քարացած լանդշաֆտ է, որ պահպանվել է ծովի հատակին, երկու կմ խորության տակ»,- ասել է գլխավոր հետազոտող Նիքի Ուայթը` Քեմբրիջի համալսարանի երկրաբանը:
Հետազոտված տարածքի մակերեսը կազմում է մոտ 10 հազար քառ.կմ: Գիտնականները ենթադրում են, որ դեռ մարդու հայտնվելուց շատ առաջ այդ տեղանքը մեկ ընդհանրություն էր կազմում ներկայիս Շոտլանդիայի հետ եւ հասնում էր մինչեւ Նորվեգիայի ափերը:
Առասպելական Ատլանտիդայի մասին գիտնականներին հիշեցրել է կնճռոտ շերտը, որը գտնվում է երկու կմ խորության ջրի տակ: Գիտնականները գտել են ութ խոշոր գետերի հուներ: Հորատելով` նրանք ածուխ են գտել, ինչը վկայում է, որ ծովի հատակին թաքնված հողակտորի վրա ինչ-որ ժամանակ կյանք է եղել: Ըստ հաշվարկների, հողի տվյալ հատվածը մոտ 2,5 միլիոն տարի եղել է ցամաք, ապա կրկին անցել ջրի տակ: Եւ հիմնական հարցն այն է, թե ինչու է դա տեղի ունեցել:




























