Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանը պատրաստակամություն է հայտնել Երեւանի պետհամալսարանի ռեկտորի այցի ընթացքում աջակցել Թեհրանում հայագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Այս մասին նա նշել է այսօր` հուլիսի 11-ին Երեւանում Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանը նշել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը», մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն կազմակերպել է 2011-2012 ուսումնական տարվա համար միջպետական ուսանողական կրթաթոշակային մրցույթը:

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը մեծ արձագանք է ունեցել հայ ուսանողների շրջանում, սակայն 2011 թվականին Հայաստանում հանրակրթական դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բակալավրիատ ընդունվելու համար հատկացված տեղերը մնացել են թափուր: Միաժամանակ նախարարն առաջարկել է տեղերի վերաբաշխում կատարել, որովհետեւ մագիստրոսական տեղերի համար մեծ մրցույթ է ծավալվել:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանը շնորհավորել է նախարարին Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, նաեւ անդրադարձել հայ եւ իրանցի դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: