Google ընկերության փոխնախագահ Վիկ Գունդոտրան Google+ սոցցանցի օգտագործողներից ներողություն է խնդրել սոցցանցի ծանուցումների տարածման համակարգի աշխատանքի խափանման համար, որի պատճառով ինչպես գրում է The Next Web-ը, նախորդ հանգստյան օրերին սոցցանցում հայտնված օգտագործողները էլեկտրոնային փոստով տասնյակ միանման հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ այլ օգտագործողներ իրենց որպես ընկեր են ավելացրել։ Օգտագործողներից մեկն իր միկրոբլոգում գրել է, որ ինքն ստացել է ավելի քան 50 նմանատիպ նամակ։

Հաղորդվում է, որ նամակներ են ստացել նաեւ Googe+-ի այն օգտագործողները, ովքեր անջատել էին նման ծանուցումներ ստանալու կարգավորումը։

Գունդոտրան իր անձնական էջում նշել է, որ Googe+ -ն իր օգտագործողներից ներողություն է խնդրում՝ պատճառած վնասի համար։ Նա պարզաբանել է, որ «սպամի» պատճառը Googe+ ներքին  աշխատանքի խափանումն է։  «Մեզ մոտ վերջացել է հաղորդագրություններին հետեւող ծառայության համար նախատեսված դիսկերի տարածությունը, այդ պատճառով  համակարգը ծանուցումը նորից ու նորից է ուղարկել»,- պարզաբանել է նա:

Գունդոտրան օգտագործողների ուշադրությունն է հրավիրել նրա վրա, որ Googe+-ը դեռեւս աշխատում է փորձնական  ռեժիմում։

Googe+ սոցցանց օգտագործողներին լռելյայն ծանուցում է գալիս այն ժամանակ, երբ նրանց որպես ընկեր են ավելացնում, հաղորդագրություն կամ մեկնաբանություն են ուղարկում եւ այլն։ Այդ ռեժիմը կարելի է անջատել «հաշվի կարգավորումներ» բաժին այցելելով։