Հայաստանն ու Ռուսաստանը Դոնի Ռոստովում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում արձանագրություն են ստորագրել, որում նշել են երկու երկրների միջեւ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հաջող ընթացքը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, արձանագրության մեջ ասվում է, որ «կողմերը հաստատում են շահագրգռությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ուղղությամբ, ներառյալ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը»:
Ներկայումս շարունակվում է աշխատանքը նոր էներգաբլոկի շինարարության հարթակի վերաբերյալ սկզբնական նյութերի հավաքման ուղղությամբ, ներառյալ նրա սեյսմակայության տվյալները: Նաեւ վերամշակվում է «Շրջակա միջավայրի վրա նոր էներգաբլոկի ազդեցության գնահատումը» փաստաթուղթը` հանրային լսումների երկու փուլերի արդյունքում ստացված առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով:
Կողմերը նաեւ ընդգծել են հայ-ռուսական ակտիվ համագործակցությունը երկրաբանահետախուզության եւ ուրանի արդյունահանման ոլորտում: 2008թ. ստեղծված «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» հաջողությամբ գործում է Հայաստանի Սյունիքի մարզում:




























