Քուվեյթի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են ռուսական հանցավոր խմբավորման վեց անդամների, հաղորդում է Arab Times պարբերականը:

Ըստ պարբերականի, հանցավոր խումբը մասնագիտացել էր Քուվեյէի առանձնատներից եւ ոսկերչական խանութներից ոսկերչական եւ այլ թանկարժեք իրերի գողությունների վրա: Խմբավորումը, որի կազմում ընդգրկված են եղել հայկական ծագմամբ երկու կանայք եւ չորս տղամարդիկ, վերջին չորս տարվա ընթացքում գողացել է ավելի քան մեկ միլիոն դինարի (3.6 միլիոն դոլար) ունեցվածք: Խմբավորումը Քուվեյթ է այցելել ամառները զբոսաշրջային վիզաներով, թալանել է ունեւոր մարդկանց տները եւ լքել երկիրը: Խմբավորման ղեկավարն առայժմ ձերբակալված չէ:

Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ պաշտոնյաները կողոպուտների հաճախակիացում են նկատել երկրի տարբեր շրջաններում: Միայն վերջին երկու ամսում կողոպտիչները տարել են 720 հազար դոլարի արժեքավոր իրեր:

Ձեռնարկված միջոցառումներից հետո հաջողվել է ձերբակալել Ռուսաստանի քաղաքացի մի հայի, ով հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղսակցությունը, նաեւ նշել, թե իր կինը տվյալ պահին գտնվում է օդանավակայանի ճանապարհին` գողոնը ձեռքին: Ոստիկանները ձերբակալել են կնոջը, ով հանձնել է խմբի մյուս անդամներին:

Վերջիններս հայտնել են, որ գողոնն ուղարկել են պարագլխին, ով այժմ հետախուզման մեջ է: