Իսպանիայում վիրաբույժներն իրականացրել են հիվանդի երկու ոտքերի փոխպատվաստման վիրահատություն, հաղորդում է «Վոկրուգ սվետան»` վկայակոչելով France Presse-ը:

Փոխպատվաստումը, որ տեղի է ունեցել Վալենսիայի La Fe հիվանդանոցում, տեւել է ողջ գիշեր: Հիվանդի եւ դոնորի անունները գաղտնի են պահվում: Վիրահատությունը ղեկավարել է բժիշկ Պեդրո Կավադասը, ով մի շարք բարդ վիրահատություններ է իրականացրել:

Դեռ նոյեմբերին Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նման վիրահատություն է նախատեսում: «Երկու ոտքերի փոխպատվաստում է արվելու մի մարդու, ով վնասվածքներ է ստացել ծնկներից վեր: Տվյալ դեպքում, նրան պրոտեզները չեն օգնում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Փոխպատվաստման ազգային կազմակերպության տնօրեն Ռաֆայել Մատեսանսի խոսքով, սա ավելի բարդ վիրահատություն է, քան ձեռքերի վիրահատությունը: