Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկների եւ տեղական բժիշկների հետ կապված նոր սկանդալ է հասունանում։

Բժիշկները սպառնացել են անջատել կոմայի մեջ գտնվող ռուսաստանցուն միացված թոքերի աշխատանքն ապահովող սարքը, եթե բուժման համար անհապաղ չվճարվեն։

Բառնաուլցի ատամնաբույժ, 39-ամյա Ալեքսեյ Ռոգաչեւը «երիկամային սուր անբավարարություն» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 2-ին, հայտնում է novosibirsk.rfn.ru-ն։ Հիվանդանոցում նրան հեմոդիալիզ են արել, ինչից հետո սուզել արհեստական կոմայի վիճակի մեջ։

Ռոգաչեւի կնոջը ներկայացրել են բժշկական ծառայությունների գները եւ նրանից ստացական վերցրել այն մասին, որ նա ինքնուրույն կվճարի բուժման ծախսերը, եթե դա չանի ապահովագրական ընկերությունը։ Սակայն ապահովագրական ընկերությունն ինչ-ինչ պատճառներով ձգձգել է գործընթացը, եւ կլինիկայի ղեկավարությունը որոշել է չսպասել։ Երեք օր անց Տատյանա Ռոգաչեւային վերջնագիր է ներկայացվել. կամ գումարն անհապաղ կմուծվի կամ պացիենտը կզրկվի բժշկական օգնությունից։

Որպեսզի բուժումը շարունակվի, կինը ստիպված է եղել 560 հազար ռուբլի հավաքել։ Հիվանդին Ռուսաստան տեղափոխելու համար ավելի շատ գումար է պետք եղել։ Հատուկ սարքավորումներով հագեցած եւ ռեանիմատոլոգներով օդանավն արժե 60 հազար եվրո։ Սակայն հիվանդների հարազատներն այդ գումարը չեն ունեցել, հայտնում է utro.ru-ն։

Հուլիսի 5-ին ապահովագրական ընկերությունն ամեն դեպքում հաստատել է, որ Ռոգաչեւի դեպքն ապահովագրված է, եւ իր վրա է վերցրել բուժման ծախսերը։