Ռուսաստանի Ռոստովի մարզի Վեսելովսկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 20 մարդու մասնակցությամբ, արդյունքում 8 մարդ հայտնվել են հիվանդանոցում: Հուլիսի 12-ին քննիչները քրեական գործ են հարուցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ոստիկանության, կռիվը տեղի է ունեցել շաբաթ օրը Մելնիկով խուտորում եւ ծագել է երկու հյուրերի միջեւ, որոնք մասնակցում էին իրենց ծանոթի բանակի քեֆին: Այդ ժամանակ վեճը հարթել են, բայց ավելի ուշ կռվարարները հանդիպել են ավելի մեծ խմբով` զինված բեյսբոլի մահակներով:

Ոստիկանները դադարեցրել են կռիվը, այնուհետ զարմանքով նշել, որ ձերբակալվածներից ոչ ոք այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչից է սկսել այս ծեծկռտուքը: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով: