Վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ, որոնք մեծապես նպաստել են ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ խթանել միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Հայաստանում գիտաժողովների անցկացումը խոսում է այն մասին, որ մեր գիտությունն ընդունելի եւ ճանաչելի է միջազգային շրջանակներում եւ հարգանք է վայելում, իսկ մեր գիտնականներն իրենց հրապարակած հոդվածներով աչքի են ընկնում միջազգային մաստաբով»,-ասաց Ս. Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում Գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ կիրականացվեն 30-35 գիտաժողով, որի համար պետական բյուջեից կծախսվի մոտ 30 մլն դրամ: Սակայն պետական միջոցները գիտաժողովների իրականացման ծախսերի ընդամենը 15-20 տոկոսն են, գիտաժողովները հիմնականում ֆինանսավորվում են միջազգային տարբեր կառույցների հետ համատեղ։
Ս. Հարությունյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում անցկացվող գիտաժողովների մոտ 90 տոկոսը միջազգային են: Դրանց անցկացման պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է մասնակցեն երիտասարդ գիտնականներ, ինչը նրանց հնարավորություն կտա նոր արժեքավոր կապեր ձեռքբերել, շփվել վաստակաշատ գիտնականների հետ եւ դրամաշնորհային տարբեր ծրագրերում ներգրավվել։
Ըստ Ս. Հարությունյանի` 2008թ.-ից մինչ օրս 14 միջազգային համաձայնագրեր են կնքվել, որին մեծապես նպաստել են հենց միջազգային գիտաժողովները։




























