ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO)` Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանի արտադրողները հնարավորություն կունենան դառնալ  եվրոպական  մեծածախ առեւտրի ցանցի մատակարարներից մեկը` խթանելով արտահանման ծավալները: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության  (UNIDO) կենտրոնակայանի գործարար  կապերի եւ կլաստերների ծրագրերի ղեկավար  Ջերարդո Պատակոնիին:

NEWS.am-ին ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են UNIDO-ի եւ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես` քննարկվել են Հայաստանի արտադրողների  եւ UNIDO-ի գործընկեր  եվրոպական  մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ համագործակցության հնարավորությունները:

Նշենք, որ Հայաստանում UNIDO-ն  իրականացնում է «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագիրը: Կազմակերպության հիմնական առաքելությունն է  հզորացնել երկրների  ազգային կարողությունները` տնտեսության մրցունակության բարձրացման, առեւտրի, ներդրումների,  արտահանումների ծավալների աճին նպաստելու  ճանապարհով:

Փոխվարչապետը կարեւորել է կազմակերպության մտադրությունը` հայկական գործարար միջավայրի համար սպառման նոր շուկաների ստեղծման հնարավորության առումով` հատկապես  ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար բարենպաստ միջավայրի  ստեղծումը: Ա. Գեւորգյանը նշել է, որ արտադրողների շրջանում պետք է  բարձրացնել այս գործընթացների մասին  իրազեկվածության մակարդակը` միեւնույն ժամանակ առաջարկելով   ուսումնասիրել  հայկական  շուկան` համապատասխան որակի եւ քանակի արտադրանքի ապահովման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում հյուրերը ՀՀ փոխվարչապետին փոխանցել են UNIDO-ի գլխավոր տնօրեն Կ. Յումկելայի նամակը, որում Հայաստան այցելելու հրավերն ընդունելով` պատրաստակամություն է հայտնվում քննարկել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: