Ամերիկյան Cisco կորպորացիան՝ ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրողն աշխարհում, կարող է աշխատանքից ազատել մինչեւ 10 հազ աշխատակիցների կամ ընկերության աշխատատեղերի շուրջ 14 տոկոսին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում կատարելով անանուն աղբյուրներին, գրում է Lenta.ru-ն։ Ընկերությունում այս ամենի վերաբերյալ սակայն, պաշտոնապես չեն մեկնաբանում։
Աշխատակիցների վրա ծախսվող գումարների նվազման հաշվին Cisco-ն մտադիր է պահպանել իր շահույթը։ Մայիսին ընկերությունում հայտարարել էին այն մասին, որ կարող են քչացնել աշխատատեղերը, սակայն մանրամասներ չէին հաղորդվում։ Հաղորդվում էր միայն, որ աշխատողների թվաքանակի կրճատմամբ ընկերությունը 2012թ.-ի ֆինանսական տարում, որն ավարտվում է հուլիսին, կարող է խնայել միլիարդ դոլար։
Ինչպես պնդում են Bloomberg-ի աղբյուրները, արդեն օգոստոսի վերջին Cisco-ի աշխատակիցների թիվը կարող է քչանալ 7 հազ. մարդով։ Եվս 3 հազար աշխատակիցներ վաղաժամ թոշակի կգնան, եւ գնալիս փոխհատուցում կստանան։ Ընդհանուր առմամբ, լրատվական գործակալության զրուցակիցների տվյալների համաձայն՝ ընկերությունը առաջարկել է կամավոր թոշակի անցնել շուրջ 5800 աշխատակիցների։ Նրանց տրվող փոխհատուցումը կներառի տարեկան աշխատավարձը եւ բժշկական ծառայությունների համար տրվող վարձավճարը։
Նախօրեին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որի համաձայն վերլուծաբանները Cisco ընկերությանը խորհուրդ էին տվել աշխատանքից ազատել 5 հազ. մարդու, որպեսզի ընկերությունը կարողանա պահպանել իր մրցունակությունը։
Ընթացիկ տարվա մայիս ամսին Cisco-ն հաղորդում էր, որ ֆինանսական երրորդ եռամսյակի տվյալներով ընկերության եկամուտը նվազել է 11 տոկոսով։ Կորպորացիայում սպասում են, որ չորրորդ եռամսյակում եկամուտը կամ կմնա նույն մակարդակի վրա, կամ կմեծանա, սակայն չնչին չափով՝ ոչ ավել քան 2 տոկոս։




























