ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ագրեսիվ հռետորությունը բոլորովին չի նպաստում Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության թուլացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չափազանց շատ ագրեսիվ հռետորություն ենք մենք լսում օվկիանոսից այն կողմ վերջին շաբաթներին: Դա, ցավոք, բոլորովին չի նպաստում լարվածության թուլացմանը»,-կիրակի ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են իրենց զորքերն ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ՌԴ-ի հարեւանությամբ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք: Նրա խոսքով՝ առցանց գագաթնաժողովի ժամանակ նա ասել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին, որ ներխուժման դեպքում ամերիկյան զորքերը կուղարկվեն «Բուխարեստի 9-յակի» (B9) երկրներ, որոնք տեղակայված են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա ու Էստոնիա): «Մենք ստիպված կլինենք ուղարկել ավելի շատ ամերիկյան եւ ՆԱՏՕ երկրների զորքեր դեպի արեւելյան թեւ՝ B9՝ ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրներ, որոնք պաշտպանելու սրբազան պարտարտավորություն ունենք Ռուսաստանի ցանկացած հարձակման դեպքում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը:

Դեկտեմբերի 7-ին ՌԴ ու ԱՄՆ նախագահները բանակցություններ են վարել տեսակապի միջոցով, որոնք տեւել են երկու ժամ: Գերակշռող թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Առաջնորդները քննարկել են նաեւ երկկողմանի հարաբերությունները, կիբերանվտանգությունն ու Իրանի միջուկային ծրագիրը: