Ռուսաստանի Վորոնեժի շրջանի Կոզլովկա գյուղի 20 բնակիչներ նախօրեին գյուղի ակումբում հանդիպել են իշխանությունների եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ` պահանջելով գյուղից արտաքսել իրենց հայ եւ ադրբեջանցի հարեւաններին, որոնց հետ մի քանի տասնամյակ ապրել են կողք-կողքի:
Շուրջ 2 շաբաթ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել երկու երիտասարդների միջեւ, որոնցից մեկն ադրբեջանցի էր, մյուսը` ռուս: Ռուս երիտասարդը եղել է ոչ սթափ վիճակում եւ կռիվ է սարքել ադրբեջանցու հետ: Բանը հասել է ձեռնամարտի, սակայն միջադեպն արագ հարթվել է: Երկու կողմերն էլ ընդունել են իրենց սխալը եւ չեն դիմել ոստիկանություն:
Հուլիսի 6-ին գյուղի ակումբում եւս մեկ միջադեպ է տեղի ունեցել, որտեղ միայնակ իրար դեմ են դուրս եկել ռուս Ալեքսեյ Լեպյոխինն ու հայ Ռոբերտ Կոշելյանը: Արդյունքում 20-ամյա Ալեքսեյը կոտրված ծնոտով հայտնվել է հիվանդանոցում: Երիտասարդի ծնողները հայ ընտանիքից 100 հազար ռուբլի փոխհատուցում են պահանջել:
Ի վերջո, այս կոնֆլիկտի հետեւանքով հուլիսի 9-ին գյուղացիները զանգվածային «հավաքույթ» («սխոդկա») են հրավիրել:
Տեղի բարի մոտ, որը երկու ամիս առաջ բացել են ադրբեջանցիները, հավաքվել է 500 հոգանոց բազմությունը: Անսպասելի մոտեցել է մի մեքենա, որից դուրս են եկել հարբած տղամարդիկ: Նրանք բացականչել են. «Փշրելու ենք, ծեծելու ենք եւ քշելու ենք ոչ ռուսներին» եւ հարձակվել Ռոբերտի վրա: Հարվածի տակ է ընկել ոչ միայն հայ երիտասարդը, այլ նաեւ նրա մայրը, ով պաշտպանել է որդուն: Կնոջը գցել են գետնին եւ սկսել ոտքերով հարվածել: Դեպքի վայր հասած ոստիկանությունը իր հետ տարել է ծեծի ենթարկված Ռոբերտ Կոշելյանին: Այդ ժամանակ գազազած ամբոխը բռունցքների գործադրմամբ հարձակվել է ռուս տղամարդու վրա, ով հանդես է եկել հօգուտ հայերի եւ ադրբեջանցիների:
Ռոբերտ Կոշելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով` առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը: Բուտուրլինովկայի բնակիչ Կոնստանտին Բեզռուկի նկատմամբ, ով ծեծի է ենթարկել Կոշելյանին, քրեական գործ է հարուցվել ՔՕ 115 հոդվածի հատկանիշներով` առողջությանը թեթեւ վնասվածք հասցնելը: Իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկու կողմերն էլ պատիժ են կրելու եւ կոչ են արել համագյուղացիներին ապրել խաղաղ: Բացի այդ իշխանության ներկայացուցիչները մինչեւ վերջին պահը պնդում էին, որ գյուղում ազգամիջյան կոնֆլիկտ գոյություն չունի: «Տեղի է ունեցել թյուրիմացություն` մի խումբ հարբած մարդկանց «ռազբորկա», որն ապացուցել է ոմանց անդաստիարակությունը»:




























