Կազանի նավահանգստում այսօր` հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Բուլգարիա» շոգենավի աղետի արդյունքում զոհվածների քաղաքացիական հոգեհանգիստը: Մարդիկ երեկվանից շարունակում են ծաղիկներ, խաղալիքներ եւ վառվող մոմեր բերել: Կազանի Կինդերի գերեզմանոցում սկսել են թաղել աղետի զոհերին, հաղորդում է inkazan.ru-ն:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարությանը գրավոր հանձնարարական է տվել տուժածներին ու զոհվածների ընտանիքներին վճարումներ անելու մասին, հաղորդում է kp.ru-ն:

«Զոհվածների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի, ծանր եւ միջին ծանրության վնավածքներ ստացածները` 400 հազար ռուբլի, իսկ թեթեւ վնասվածք ստացածները` 200 հազար ռուբլի»,- ասել է վարչապետը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկտախտակամած «Բուլգարիա» շոգենավը, որ կառուցվել է 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել է կիրակի օրը, ափից 3 կմ հեռավորության վրա: Նավը Բոլգար քաղաքից ուղեւորվում էր դեպի Կազան: Նավի վրա 208 մարդ է եղել, (այդ թվում` 148 զբոսաշրջիկ, անձնակազմի 35 անդամ, 25 չգրանցված մարդ):

Ջրից հանել են 88 դիակ: 40 մարդու, այդ թվում` կապիտանի եւ նրա կնոջ ինքնությունը պարզվել է: Փրկվել է ընդամենը 79 մարդ, մյուսների ճակատագիրն անհայտ է: Աղետի հանգամանքները պարզվում են:

ՌԴ գլխավոր դատախազությունում հայտնել են, որ Թաթարստանում վթարված շոգենավը վերանորոգվել է 30 տարի առաջ, եղել է վթարային վիճակում, եւ ուղեւորափոխադրումների արտոնագիր չի ունեցել:

Մեդվեդեւը հանձնարարել է համընդհանուր ստուգման ենթարկել տրանսպորտային բոլոր միջոցները Ռուսաստանում: