Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարեւոր ներդրում է, որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ։ Այս մասին «Նոր սերունդ – 2021» համաժողովի շրջանակում, դեկտեմբերի 13-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի կարծիքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի դերն ու նշանակությունը անհնար է գերագնահատել։ «Կան կոնկրետ պայմանավորվածություններ, եւ կա մեր խաղաղապահ զորակազմի կոնկրետ գործունեությունը։ Այն իսկապես կարեւոր ավանդ է ներդնում, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ եւ ապագայի տեսլականով։ Դա իսկապես խաղաղության եւ պոզիտիվի լուրջ եւ կարեւոր գործոն է այսքան դժվարին իրավիճակում»,- նշեց դիվանագետը։
Խոսելով կողմերի հետագա գործողությունների եւ Ղարաբաղում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ դիվանագետը, մասնավորապես, ասաց. «Կյանքը ցույց կտա»։
Հիշեցնենք, որ կողմերի նախնական պայմանավորվածությամբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում հինգ տարի ժամկետով։ Բայց վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մատնանշեց ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ ներկայության անհրաժեշտության մասին։





























